ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մարդիկ, որ կատարում են անփոխարինելի աշխատանք նախագծի անխափան և որակյալ աշխատանքը պահպանելու համար։

Կազմակերպիչներ, անդամներ և խորհրդատուներ

Սիրանուշ Հովհաննիսյան
(Siranush Hovhannisyan)

Հայաստան, Երևան
Հարթակի հիմնադիր, պրոդյուսեր
Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

        Ստեղծագործում է վաղ մանկական տարիքից։ Ավելի քան 30 հեքիաթի, շուրջ 50 խոհափիլիսոփայական էտյուդների ու գրական դիմանկարների, 20-ը գերազանցող գիտական հոդվածների, թարգմանությունների և մենագրության հեղինակ է։ Ստեղծագործությունները երեք լեզուների ընդգրկում ունեն (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։
        Կարծում է, որ երջանկության տեսակներից մեկն այն է, երբ միևնույն անհատի միտքը հակված է դեպի գիտությունը, իսկ հոգին՝ արվեստը։ Ըստ նրա՝ իրականության ցանկացած տարր արժանի է ուշադրության, և դրանցից յուրաքանչյուրը կարող է մի ամբողջ պատմության սկիզբ դառնալ։
        «Միակ տարածությունը, որտեղ մենք անսահման ազատ և կատարելապես ապահով ենք, մեր ներքինն է, ուստի պետք է այն գեղեցկացնել ու ընդարձակել, որպեսզի հաճելի լինի անհրաժեշտության դեպքում այնտեղ միայնաբար առանձնանալ և միևնույն ժամանակ չամաչել որևէ մեկի առաջ նրա դռները բացելուց», – համոզված է նա։

Տիագու Վաշքեշ
(Tiago Vasques)

Պորտուգալիա, Պորտո
Նեղ մասնագիտական հանձնաժողովի ղեկավար
Գեղանկարիչ, սյուրռեալիստական ուղղության ներկայացուցիչ

        Ավելի քան 30 կտավների և ցուցահանդեսների հեղինակ է։ Դեռևս վաղ հասակից տարվել է Սալվադոր Դալիի և Մաքս Էռնստի արվեստով։ Արվեստում բարձր է գնահատում մտքի և զգացմունքի ներդաշնակ ազատությունը, դետալների պարտադիր իմաստավորվածությունը և անհատականության ընդգծված դրսևորումը։ Նրա աշխատանքներին հատուկ է դեկորների մինիմալիզմը։
        Կարծում է, որ արվեստը աշխարհը մի փոքր փոխելու և այն ուզածիդ պես վերադասավորելու յուրատեսակ հնարավորություն է։
        «É difícil ser feliz ou realizada enquanto se faz algo que não se gosta (թրգմ. պորտուգ.՝ Դժվար է երջանիկ լինել կամ բավարարվածություն զգալ, եթե մենք անում ենք մի բան, որը չենք սիրում)», – համոզված է նկարիչը։


Բրունո Մոցո
(Bruno Mozzo)

Իտալիա, Հռոմ
Մրցութային նյութերի համակարգող, ընդհանուր հանձնաժողովի ղեկավար
Լատինաամերիկյան պարերի և արևելյան մարտարվեստների մարզիչ, գրող

        Երկար տարիներ զբաղվելով լատինաամերիկյան պարերով՝ ոլորտում ձեռք է բերել մասնագիտացում հատկապես սալսա և բաչատա ոճերում։ Ունեցել է մոդելային կարիերա։ Տիրապետելով արևելյան մի քանի մարտարվեստի՝ հատուկ հաջողություններ է դրսևորել ֆուլ-կոնտակտ կարատե մարզաձևում։ Գրական ակնարկների և «Չբացահայտված աշխարհ» (իտ.՝ Il mondo dell’ignoto) գրքի հեղինակն է։
        Կարևոր է համարում մարդու գեղեցկությունը և՛ ներքուստ, և՛ արտաքուստ։ Գնահատում է արվեստը՝ իր բոլոր դրսևորումներով։ Կարծում է, որ ցանկացած անհատ ինչ-որ իմաստով կարող է ստեղծագործել, և այդ առումով՝ ստեղծագործություն է նույնիսկ այն, երբ ծրագրում ես քո հաջորդ օրը։
        «Costruisciti il presente cosicché in futuro non rimpiangerai il passato (թրգմ. իտ.՝ Կառուցե՛ք ներկան, որպեսզի ապագայում չզղջաք անցյալի համար)»,- համոզված է նա։


Միքայել Գրիգորյան
(Michael Grigoryan)

Հայաստան, Երևան
Նեղ մասնագիտական հանձնաժողովի ղեկավար
Վոկալիստ

        Երաժշտական արվեստի հանդեպ հակում և հետաքրքրություն է դրսևորել վաղ մանկական տարիքից։ Մասնագիտական կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում։ Ներկայումս մասնագիտական գործունեություն է իրականացնում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ազգային ակադեմիական երգչախմբի (Կապելլա) երգիչ է։ Ակադեմիական երգեցողությամբ է զբաղվում 15 տարի։
        «Արվեստը անտեսանելին տեսնելու և ճշմարիտ սերը բացահայտելու միակ ճանապարհն է»,- կարծում է երգիչը։


Հարթակի վրա աշխատում են նաև՝ Ա․ Հովհաննիսյանը, Ջ․ Խուդոյանը, Ա․ Աբրահամյանը։

Նախկին անդամակիցներ՝ Ա․ Աբրահամյան, Ա․ Սարգսյան, Մ․ Գրիգորյան։

Շնորհակալություն բոլորին։

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: